Առաջին անգամ կինը կարող է Իտալիայի վարչապետ դառնալ. ընտրություններում հաղթում են աջերը

Իտալիայի խորհրդարանը. Արխիվային լուսանկար
«Իտալիայի եղբայրներ», «Լիգա», «Առաջ, Իտալիա» ու «Մենք՝ չափավորներս» կուսակցությունները միավորող կոալիցիան ավելի քան 44 տոկոս է հավաքել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Իտալիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթում է աջ կենտրոնամետ կոալիցիան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ՆԳՆ պաշտոնական տվյալներին։
«Իտալիայի եղբայրներ», «Լիգա», «Առաջ, Իտալիա» ու «Մենք՝ չափավորներս» կուսակցությունները միավորող կոալիցիան հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 44 տոկոսը: Այս մասին են վկայում քվեաթերթիկների բացարձակ մեծամասնության հաշվարկից հետո ստացված տվյալները։
Երկրի գլխավոր քաղաքական ուժը դառնում է «Իտալիայի եղբայրներ» աջ կուսակցությունը՝ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ, որը հավաքել է ձայների ավելի քան 26 տոկոսը: Նրա խոսքով՝ իտալացիները «հստակ ցուցում են տվել աջ կենտրոնամետ կառավարությանը»։
Մատեո Սալվինիի «Լիգա» կուսակցությունը ստացել է ձայների 8,9 տոկոսը, իսկ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունը՝ մոտ 8 տոկոսը՝ կորցնելով ժողովրդականությունը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իտալիայում աջ կենտրոնամետ կոալիցիայի ու Շվեդիայում աջ-լիբերալ դաշինքի ընտրություններում հաղթանակը չի ազդի Եվրամիության կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ծավալների վրա: