Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը հայ ռազմագերիների մասին պետք է տեղեկություն տրամադրի մինչև սեպտեմբերի 29-ը

ՄԻԵԴ. Արխիվային լուսանկար
Եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի կառավարության խնդրանքը լրացուցիչ ժամանակ տրամադրելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Հայտարարության մեջ ասվում է, որ դատարանը բավարարել է խնդրանքը։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
Ադրբեջանցիները սպանված հայ զինծառայողի նկարն ուղարկել են նրա կնոջը․ «Թաթոյան» հիմնադրամ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: