Սպորտը նաև խաղաղություն է. Երևանում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը

Երևանում մեկնարկել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը
Կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 170 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ, բռնցքամարտի համաշխարհային դեմքեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը: Հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հարությունյանն ասել է, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կյանքում սա կարևոր իրադարձություն է: «Ըստ էության, Երևանում նաև որոշվում է, թե Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան և համաշխարհային բռնցքամարտն ինչ զարգացում են ունենալու առաջիկա տարիներին: Մենք պատրաստ ենք համագործակցել ֆեդերացիայի հետ նաև առաջիկա տարիներին»,– ասել է նա:
Արայիկ Հարությունյանը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Արայիկ Հարությունյանն իր ելույթում շեշտել է, որ սպորտը նաև խաղաղություն է բերում աշխարհին: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ժամանակ բազմաթիվ կոչեր են հնչում և հենց այդ օրերին ամբողջ աշխարհում խաղաղություն է հաստատվում:
«Ես ցանկանում եմ, որ միջազգային մարզական միջոցառումներն այնքան շատ լինեն, որ ամբողջ աշխարհում մշտապես խաղաղություն հաստատվի»,– ասել է Հարությունյանը:
Կառավարության ներկայացրած տվյալներով` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 170 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բռնցքամարտի աշխարհի հեղինակավոր դեմքեր: Կոնգրեսի օրակարգի առանցքային թեման IBA-ի նախագահի նոր ընտրությունների անցկացումն էր:
Երևանում մեկնարկել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը
Սակայն նոր ընտրությունների անցկացմանը դեմ է քվեարկել ազգային ֆեդերացիաների 106 ներկայացուցիչ, կողմ ՝ 36, ևս չորս ներկայացուցիչ ձեռնպահ է մնացել քվեարկությունից: Այսպիսով, Ումար Կրեմլևն իր պաշտոնում կմնա ևս 4 տարի։