Բերդ համայնքում քաղաքացիներին ստիպել են նախընտրական քարոզչություն անել

Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը ձերբակալվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը համայնքի բնակիչներին ստիպել են նախընտրական քարոզչություն անել, հայտնում է քննչական կոմիտեն։
Բացահայտված հանգամանքներով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններում, սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, օգտագործելով իրենց իշխանական լիազորությունները, համայնքի բնակիչներին ստիպել են քարոզչություն կատարել դաշինքի օգտին։
Մասնավորապես` Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սպառնացել են լուծել աշխատանքային պայմանագիրը` փոխարենը պահանջելով ընդգրկվել հիշյալ դաշինքում ու դաշինքի օգտին քարոզչություն կատարել ՝ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:
Ձեռք բերված բավարար ապացույցներով Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ու Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով։
Համայնքի պաշտոնյա մեղադրյալները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ այսօր ՀՀ 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են ընթանում։
Հիշեցնենք, որ «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն է, ով 2021թ-ի նոյեմբերի 9-ից գտնվում է անազատության մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով («Պաշտոնեական կեղծիքը)։