Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից. ծնողները սեպտեմբերի 27–ին արգելելու են Փաշինյանի մուտքը

Զոհվածների ծնողները հանրությանը կոչ են անում 44–օրյա պատերազմի տարելիցի նախօրեին գնալ ու կանգնել իրենց կողքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, Արցախի 44–օրյա պատերազմի զոհերի ծնողները հավաքվելու են Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան (Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի մեկնարկի 2–րդ տարելիցի օրը) կանխեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին տեղեկացրել է 44–օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը` Աննա Մկրտչյանը։
Նշվում է, որ ծնողների համար այլևս անտանելի է տեսնել, թե ինչպես է մեծանում Եռաբլուրը։
«Լարելով բոլոր ուժերը`նոր թափ ենք հաղորդել մեր պայքարին։ Հայաստանի ազատագրումը պետք է սկսվի Եռաբլուրից, և դրա առաջին քայլը դավաճանների մեկուսացումն է սրբավայրից»,–գրել է զոհվածի մայրը։
Զոհերի ծնողները հանրությանը կոչ են անում գնալ ու կանգնել իրենց կողքին։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։