Տարածաշրջանային կայունության կարևոր հիմքերից մեկը ԼՂ հարցի հիմնովին լուծումն է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը նշեց, որ ԼՂ–ում ապրող հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Տարածաշրջանային կայունության ամենակարևոր գործոններից մեկը ԼՂ հիմնահարցի համապարփակ կարգավորումն է։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին ագրեսիան տեղի է ունենում այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել։ Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը շարունակում են մնալ մեր կառավարության օրակարգում»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանը կոչ արեց ապահովել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու և մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով։
«Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Ցավոք, Ադրբեջանը երկու առաքելություններն էլ արգելափակում է արհեստական, քաղաքական նախապայմաններ դնելով»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` ադրբեջանական վերահսկողության ներքո մնացած տարածքներում գտնվող հայկական հուշարձանների ճակատագիրը ՀՀ-ի օրակագում է։
Կարո՞ղ է Ալիևը ներկայացնել մի քարտեզ, որով ճանաչում է ՀՀ տարածքը. Փաշինյանը` ՄԱԿ–ում