«Սուրմալուի» պայթյունի գործով 130 անձ է հարցաքննվել. կալանավորվածներից 1-ն ազատ է արձակվել

«Սուրմալու» առևտրի կենտրոն
Կալանավորված 3 մեղադրյալներից 1-ն ազատ է արձակվել գրավի դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է 130 անձ, տուժող են ճանաչվել 90–ը, որոնցից 55–ը մարմնական վնասվածք ստացածներն են, 35–ը` ֆինանսական: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Քննչական կոմիտեն ավարտել է քննչական գործողությունները «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն 4 անձ, նրանցից 3-ը կալանավորվել են, ապա դատարանի որոշմամբ նրանցից մեկի խափանման միջոցը փոխվել է և գրավ կիրառվել»,- ասաց Թադևոսյանը։

Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է, մեկը համարվում է անհետ կորած։
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։
Նախաձեռնված քրեական վարույթով 4 մեղադրյալներից 1-ը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) փոխտնօրենն է, 3-ը՝պահեստը շահագործող անձինք։ Առևտրի կենտրոնի փոխտնօրենն ավելի վաղ էր ազատ արձակվել։ Նրան ու վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք», մյուս երկուսին՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը»: