ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մտադիր է ամբողջությամբ բարեկարգել «Կասկադ» համալիրն ու տարածքում գտնվող փոսորակը։ Երևանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նա, նշեց, որ բանակցություններ են ունեցել Գաֆէսճեան հիմնադրամի հետ, եկել համաձայնության , որ Կասկադի փոսորակը, որը 2002 թվականի մայիսին համայնքի կողմից նվիրաբերվել էր Գաֆէսճեան հիմնադրամին (հարակից տարածքի հետ), ամբողջությամբ վերադարձվի Երևան համայնքին։
«Մենք հետագայում հնարավորություն կունենանք մասնավոր ներդրողների աջակցությամբ ավարտել փոսորակի աշխատանքները Կասկադ համալիրին համահունչ։ Մտադրություն կա այնտեղ կառուցել Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը։ Կունենանք նաև ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա Երևանում ակտիվացնել մշակութային կյանքը»,–ասաց քաղաքապետը։
Սարգսյանը նաև հայտնեց, որ բանակցություններ են ընթանում Երիտասարդական պալատի (հասարակության շրջանում հայտնի է որպես «Կուկուռուզնիկ»), սեփականատիրոջ հետ։ Սեփականատերը ցանկանում է այնտեղ համալիր կառուցել, և նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարածքով տրանսպորտային հոսքերի լուծման վերաբերյալ։
«Այս պահին սպասում ենք սեփականատիրոջ կողմից համապատասխան առաջարկի, որից հետո կքննարկենք շինարարության ծավալները»,- ասաց քաղաքապետը։
Երիտասարդական պալատը կառուցվել է 1972 թվականին՝ ճարտարապետներ Հրաչ Պողոսյանի, Արթուր Թարխանյանի և Սպարտակ Խաչիկյանի նախագծով և երկար տարիներ եղել է քաղաքի և ամենաբարձր շենքի խորհրդանիշը՝ տեսանելի ամենուր։ Սակայն 2006 թվականին, երբ շենքի սեփականատեր դարձավ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն, շենքն անսպասելիորեն ճանաչվեց սեյսմակայունության պահանջներին չհամապատասխանող և քանդվեց։