Պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս. քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ գլխավոր դատախազություն
Մոտ 230 մլն դրամ արժողությամբ գույքն օտարվել է 128.6 մլն դրամով կամ շուրջ 2 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Ըստ հաղորդագրության` գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երևանի Ազատամարտիկների պողոտա 82/2 շենքի թիվ 1 շինություն հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1174.8 քմ մակերեսով շինության գնահատում, որի արժեքը նույն թվականի ապրիլի 8-ի գնահատման հաշվետվությամբ կազմել է 128 մլն 686 հազար դրամ:
Շինությունը կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2021թ.-ի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով 128 մլն 686 հազար դրամով օտարվել է քաղաքացի Ա.Ա.-ին, մինչդեռ անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 229 մլն 483 հազար 863 դրամ, այսինքն՝ շուրջ 2 անգամ շատ վաճառքի և գնահատման արժեքից:
«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից 2021թ.-ի ապրիլի 8-ին կազմված և նույն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից հաստատված գնահատման հաշվետվությամբ՝ շուրջ 229,5 մլն դրամ արժեքով շինությունը գնահատվել է 128.6 մլն դրամ, որն էլ հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման համար: Արդյունքում նշված գույքն օտարվել է 128.6 մլն դրամով կամ շուրջ 2 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 100 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ»,– ասված է հաղորդագրությունում:
Պետական շահերի պաշտպանության կատարած ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։