Իսպանիան Հայաստանում դեսպանություն է բացում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին
Զրուցակիցներն են անդրադարձել են նաև սահմանային իրավիճակին, խորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Իսպանիայի կառավարությունը որոշումը՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ։
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Նա ընդգծել է, որ հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր կապերի, այլև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հիմնարար արժեքների վրա։
ԱԺ նախագահը նաև Իսպանիայի դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան:
«ՀՀ ԱԺ նախագահը կոչ է արել բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Իսպանիային, խստորեն և ուղիղ դատապարտել ադրբեջանական ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի կոպտագույն խախտումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 27-ին: Նշենք, որ մինչ այս ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանների նստավայրը Մոսկվայում էր։