Հենց այս պահին Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Արարատ Միրզոյան

Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հենց այս պահին, 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանն ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ վերջին պատերազմի ընթացքում, իրականացնելով տարածաշրջանում հայկական մշակույթի ոչնչացման ու վերացման իր քաղաքականությունը` ցանկանում է ժխտել հայկական ժառանգության գոյությունն անգամ»,–ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ առավել քան հրատապ է միջազգային հանրության գործուն և հաստատակամ արձագանքը՝ կանխելու այս բարբարոսական գործողությունները, որոնք վտանգում են խաղաղությանն ուղղված ջանքերը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատումը։
Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար, և այն պետք է խստորեն դատապարտվի և հասցեագրվի:
Նա այս առումով բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկելու ՅՈւՆԵՍԿՕ-ի առաջարկը, որի իրականացմանը մինչ այժմ խոչընդոտում է Ադրբեջանը։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորք է մեկնել` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Նախատեսվում են 30–ից ավել հանդիպումներ գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, դրանց մի մասն արդեն կայացել է։