ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժի է ենթարկել աշխատակազմի ղեկավարին

Կարգադրության համաձայն, կարգապահական տույժի պատճառը «աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելն» է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` նկատողություն։
ԱԺ կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն, կարգապահական տույժի պատճառը «աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելն» է։
Մամուլում առկա մեկնաբանությունների համաձայն, իրական պատճառը կապված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում սինքրոն թարգմանության ոչ ճիշտ կազմակերպումն է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում թարգմանության հետ կապված տեխնիկական խնդիրներ էին առաջացել. նախ Նենսի Փելոսիին տրամադրված թարգմանական սարքն էր փչացել, բայց սարքը փոխելուց հետո էլ խնդիրը չէր լուծվել։
Արդյունքում որոշվել էր, որ թարգմանչուհին դուրս գա թարգմանչական խցիկից ու հանդիպումը սինքրոն թարգմանի։ Անհարմար աշխատանքային պայմանների պատճառով նա, հավանաբար շփոթվել էր ու արդյունքում չէր հասցրել ամբողջությամբ հետևել ու հիշել Փելոսիի խոսքի երկար հատվածները, արդյունքում` թարգմանությունը կցկտուր ու ոչ ամբողջական էր ստացվել` անհարմար վիճակի մեջ դնելով թե՛ պատվիրակության անդամներին, թե՛ թարգմանչուհուն ու թե՛ լրագրողներին։
Մեկ այլ մեկնաբանության համաձայն, պատճառը կարող է լինել նաև այն, որ արարողակարգի խախտումից առաջացած իրարանցման հետևանքով Նարիբեկյանն անզգուշաբար դիպել էր ԱՄՆ դեսպանին, ինչը չէր վրիպել տեսախցիկների ու լրագրողների ուշադրությունից։