Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի ագրեսիան հարվածում է տարածաշրջանի կայուն խաղաղության օրակարգին. ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը
Մարկ Դեմեսմեկերը նշել է, որ կարևորում են Հայաստանի հետ հարաբերություններն ու փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Եվրամիության շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում բելգիացի խորհրդարանականների խնդրանքով նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված նախահարձակ գործողություններին և դրանց հետևանքներին:

«Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան հարված է հասցնում տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման օրակարգին»,–ասված է հայտարարության մեջ:
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Բելգիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի համար: «Մեր 30 տարվա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, մենք անընդհատ սերտացրել ենք մեր հարաբերությունները և, ըստ էության, իմ հանձնառությունը, կառավարության հանձնառությունն է ավելի ընդլայնել մեր հարաբերությունները, նոր բնագավառներ ընդգրկել»,- ասել է նախագահը:
Մարկ Դեմեսմեկերը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին ընդունելության համար և շեշտել, որ կարևորում են Հայաստանի հետ հարաբերություններն ու փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Եվրամիության շրջանակում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։