ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի իշխանությունները, Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունը վերսկսելու հրաման տալով, փորձում են հասնել դրա շարքից հանելուն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է ասել Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ, «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը։
Վերջին օրերին ուկրաինական զորքը մի քանի անգամ հրետակոծել է Զապորոժիեի ԱԷԿ-ն ու հարակից տարածքը։ Վնասվել են էլեկտրահաղորդման բարձրավոլտ գիծը, հովացման համակարգն ու էներգաբլոկերից մեկի կապի սարքավորումը։
«Կիևի իշխանությունները թիրախավորված հարվածներ են հասցնում ատոմակայանին այն ամբողջությամբ շարքից հանելու համար` զրկելով ապագայում էներգաբլոկերի վերագործարկման հնարավորությունից և այն պահպանման առումով բեռ դարձնելով», – ասել է Ռոգովը։
Նրա խոսքով` ատոմակայանի ենթակառուցվածքի շատ կարևոր տարրերին ուկրաինական զորքի հարվածները կարող են հանգեցնել դրա լիարժեք կոնսերվացիային և ռեակտորի (այս պահին գտնվում է սառը դադարի վիճակում) գործարկման անհնարինության։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծում է ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Կենտրոնական էլեկտրասնուցման անջատման հետևանքով ԶԱԷԿ–ում սեպտեմբերի 11-ին անջատվել էր աշխատող վերջին ռեակտորը։ Այդպիսով, կայանի վեց ռեակտորներն այժմ գտնվում են սառը դադարի վիճակում։