ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ԿԳՄՍՆ բյուջեից 14 124 000 դրամ կհատկացվի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարակից հատվածում գտնվող Հիշողության պուրակի տարածքն ընդարձակելու համար:
Բանն այն է, որ, ըստ բերված հիմնավորման` Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկվող եղևնիների համար նախատեսված տեղերը գրեթե սպառվում են:
1997թ–ին հիմնված խորհրդանշական պուրակում այս պահին շուրջ 200 ծառ կա: Հայաստան ժամանած ու Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած տարբեր երկրների պաշտոնյաներն ու պատվիրակության ղեկավարները, ձևավորված ավանդույթով, իսկ 2002թ.-ի մարտի 16-ից՝ ՀՀ պետական արարողակարգով հաստատված կարգով, Հիշողության պուրակում եղևնի են տնկում:
Հիշողության պուրակում եղևնի են տնկել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, հոգևոր առաջնորդներ, խորհրդարանների նախագահներ, խոսնակներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների անդամներ, աշխարհահռչակ գիտնականներ, համաշխարհային հեղինակություն ունեցող մշակութային գործիչներ և բարերարներ:
Պուրակում առաջին ծառը` թվագրված 1997 թվականով, տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի: