Կասկած լինել չի կարող նաև, որ եթե մեկ տարուց՝ 2023-ի աշնանը, այդ կուսակցությունը կրկին հաղթանակ տանի երևանյան ընտրություններում, Ավինյանը կդառնա Երևանի քաղաքապետ։ Իհարկե, այսօր դեռ ոչ ոք չի համարձակվի հաստատ պնդել, թե ներկա իշխանավորները կրկին հաջողության կհասնեն մեկ տարի հետո. առաջիկայում ինչ ասես կարող է պատահել, բայց մենք հո արդեն լավ գիտենք՝ Հայաստանն աշխարհի երևի միակ երկիրն է, որտեղ այն մարդիկ, ում պաշտոնավարման օրոք պետությունը կատարյալ պարտություն է կրել, միևնույն է, ընտրությունների ժամանակ մեծամասնություն են շահում։
Այնպես որ, բոլորովին չի բացառվում, որ մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող ուժը կրկին հաղթանակ կգրանցի։ Թե ով է այդ դեպքում լինելու նոր քաղաքապետը՝ արդեն պաշտոնապես հայտարարվել է։ Իսկ համաշխարհային փորձն ապացուցում է՝ քաղաքապետից մինչև երկրի ղեկավար ընդամենը մեկ քայլ է։ Օրինակներ՝ որքան ուզեք։
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը 18 տարի շարունակ եղել է Փարիզի քաղաքապետ։ Ժիսկար դ’Էստենը, Ֆրանսուա Միտերանը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը նույնպես ժամանակին գլխավորել են տեղական մարմինները։ Ընդհանրապես, հինգերորդ հանրապետությունում քաղաքապետ չեն եղել միայն Շառլ դը Գոլը, Ժորժ Պոմպիդուն և ներկա նախագահ Էմանուել Մակրոնը։ Ասենք, ինչո՞ւ ենք միայն Ֆրանսիայի վրա սևեռվել։ Բա Բորիս Ջոնսո՞նը, Ռեջեփ Էրդողա՞նը, Մահմուդ Ահմադինեժա՞դը… Կարող եմ շարունակել…
Չմոռանանք նաև, որ մեզ մոտ էլ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը նախագահ է դարձել։ Բայց մեր նախկին քաղաքապետների ճակատագրերն ընդհանրապես անսովոր են։ Համբարձում Գալստյանը սպանվեց, Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրը շատ երկար ժամանակ անհայտ էր, Գագիկ Բեգլարյանն ազատվեց նախագահականի աշխատողի հետ միջադեպից հետո, Ալբերտ Բազեյանը հեռացվեց, երբ այն ժամանակվա նախագահն ասաց. «Փողի վրա նստած, մեզանից փող ես ուզո՞ւմ», Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ «դրայվ ունի քաղաքի կառավարման համար», բայց ընդամենը ամիսներ անց հրաժարական տվեց, և վերջապես, Հայկ Մարությանը ստիպված եղավ հեռանալ, քանզի տարաձայնություններ ուներ այն ուժի հետ, որը նրան քաղաքապետ էր դարձրել։
Ի դեպ, իշխող ուժի հետ տարաձայնությունների մասին դեռ մեկ տարի առաջ հայտարարել էր նաև Տիգրան Ավինյանը, որը չցանկացավ ընդգրկվել իր կուսակցության նախընտրական ցուցակում։ Խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո նա բացատրեց. «Մեր պայքարը հիմնված է ժողովրդավարության, ազատության, կոռուպցիայի բացառման սկզբունքների վրա: Այս շարքում հիմնարար սկզբունք է նաև բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից: Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, և մենք որևէ ձևով չէինք շեղվում դրանից»։ Թե ում նկատի ուներ Տիգրան Ավինյանը, այդպես էլ անհայտ մնաց, թեև իշխող կուսակցության ցուցակով պատգամավոր դարձած մեծահարուստների անունները բոլորին հայտնի են։
Արդյոք փոխքաղաքապետի պաշտոնը կդառնա՞ մի հանգրվան դեպի վարչապետություն տանող ճանապարհին։ Համաձայնե′ք, կյանքն այնքան անկանխատեսելի է դարձել, որ դժվար թե որևէ մեկն այսօր կարողանա պատասխանել այդ հարցին։ Սակայն Տիգրան Ավինյանի առաջխաղացմանը նպաստող հանգամանքներ գոնե առայժմ կան։ Նրան պատերազմական պարտության հետ չեն կապում, չեն հայհոյում, իսկ իշխող ուժի հետ տարաձայնությունների մասին հայտարարությունները կարող են բավական դրական արձագանք ստանալ ընտրողների շրջանում։
Նրա հեղինակության աճին մեծապես կարող է նպաստել նաև արդյունավետ աշխատանքը փոխքաղաքապետի, հետագայում էլ՝ քաղաքապետի պաշտոնում։ Պատկերացնո՞ւմ եք՝ վերջապես իրականություն է դառնում երևի թե բոլոր նախկին քաղաքապետների պարտադիր խոստումը մետրոյի նոր կայարան բացելու մասին։ Կամ՝ ավարտին է հասցվում Երևանի քաղաքային տրանսպորտը քաղաքակիրթ դարձնելու՝ տասնամյակներ տևող գործընթացը։ Կամ լիակատար հաջողությամբ է պսակվում փողոցային առևտուրը վերացնելու համար պայքարը, որն արդեն «դիրքային պատերազմի» է վերածվել։
Ուզում եմ հավատալ, որ առաջիկա տարիներին այս ամենը իրականություն կդառնա, բայց միանգամից էլ հիշում եմ, որ դեռ 2020 թվականին Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կառավարությունը մտադիր է պայքարել ուշ ժամերին իրականացվող հրավառությունների, ավտոմեքենաների ազդանշանների և բարձր երաժշտության դեմ։ Անցել է երկու տարի, բայց մեր տան հարևանությամբ գտնվող ռեստորանից առաջվա պես գրեթե ամեն օր լսվում են հրավառության համազարկերը, իսկ Արմենչիկի և Սպիտակցի Հայկոյի գլուխգործոցները, որոնք հորդում են մեր փողոցով երթևեկող շքեղ ավտոմեքենաներից, շարունակում են դղրդացնել մեր տան պատուհանները։ Ու մտածում եմ՝ միգուցե հաջորդ տարվա երևանյան ընտրություններում, այնուամենայնիվ, Նատալյա Սերգեևնայի՞ն ընտրեմ։