«Սուրմալուի» պայթյունից 40 օր անց կառավարությունը հաստատեց տուժածներին աջակցելու ծրագիրը

«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո. Արխիվային լուսանկար
Տուժած քաղաքացիներին ու զոհերի հարազատներին աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացնելու համար ժամանակ է տրվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից շուրջ 40 օր անց ՀՀ կառավարությունը հաստատեց տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը։
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` օգոստոսի 30-ին ներկայացրած նախագծի։
Բուն աջակցությունը, նախագծի համաձայն, լավագույն դեպքում կտրամադրվի միայն այս տարվա վերջում`դեկտեմբերի 20-ից հետո։
Բանն այն է, որ ըստ որոշման, պայթյունից տուժած քաղաքացիներին ու զոհերի հարազատներին աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացնելու համար ժամանակ է տրվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը։
Ինչ վերաբերում է աջակցության հաստատված չափերին, նշենք, որ պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացիներից աջակցություն կստանան միայն նրանք, ովքեր հիվանդանոցային բուժում են ստացել։
Դրա համաձայն` նախատեսվում է պայթյունի հետևանքով զոհված անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձի ընտանիքներին վճարել յուրաքանչյուր զոհվածի համար 3 000 000 դրամ միանվագ աջակցություն. մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց կտրամադրվի 150 000 դրամ, իսկ երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց` 300 000 դրամ։
Սոցապ նախարարությունը նաև նախնական հաշվարկներ է ներկայացրել, որոնց համաձայն, ծրագրի շահառու են հանդիսանում 24 վիրավորում ստացած անձինք, որոնցից 17-ը կստանան 150.000 դրամ, 7-ը` 300.000 դրամ։ 16 զոհված ու 1 անհայտ կորած անձանց ընտանիքներին կտրվի ընդհանուր 51.000.000 դրամ։ Այս հաշվարկով սոցիալական աջակցության ընդհանուր արժեքը կկազմի 55.650.000 դրամ։
Սոցիալական աջակցությունները կտրամադրվեն անկանխիկ եղանակով` շահառուի ներկայացրած բանկային հաշվեհամարին։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։