Լրագրողների նկատմամբ ԱԺ-ում կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել

ՀՀ գլխավոր դատախազություն
Օրեր առաջ նման գործողություններ են կատարել Ազգային ժողովում պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԱԾ ՊՊԾ ծառայողները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանյան MediaHub.am և Yerevan.Today լրատվական կայքերի լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի, ինչպես նաև նույն լրատվական կայքերի օպերատորների նկատմամբ սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել։
Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փորձագիտական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը։
Նշվում է, որ գործողությունները կատարվել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի (ՔՊ խմբակցություն), ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ՊՊԾ ծառայողների կողմից։
«Հաղորդմամբ պահանջվել է նախաձեռնել քրեական վարույթ և այդ վարույթի շրջանակներում գնահատական տալ վերոհիշյալ արարքներին, որը, մեր համոզմամբ, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված արարքին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) և 44-171-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի (Առողջությանը թեթև վնաս պատճառելու հանցափորձ)»,–ասված է գրառման մեջ։
Նշենք, որ ԱԺ–ում սեպտեմբերի 15-ին MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանի և ՔՊ–ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի ընթացքում Պողոսյանը, հունից դուրս գալով, ցանկացել էր հեռախոսով հարվածել Գևորգյանին։
Նույն օրը մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել նաև ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և Yerevan.Today լրատվական կայքի Սյուզի Բադոյանի միջև։ Լրագրողը փորձել էր հարց հնչեցնել, ինչին ի պատասխան Սիմոնյանն ընդգծել էր, որ չի պատրաստվում պատասխանել իր հարցերին։ Այդ միջադեպերից հետո ՊՊԾ ծառայողները, Ալեն Սիմոնյանի հանձնարարականով, բռնի ուժով դուրս էին հանել լրագրողներին շենքից։