«Կուճիր հույզեր». ինչպես պատերազմ անցած տղաների ցավն ու հիշողությունն արվեստ դարձան

Պատերազմի դժոխքով անցած տղաներից յուրաքանչյուրն իր ձևով է փորձում հաղթահարել կատարվածը։ Նրանցից շատերը որոշ ժամանակ անց սկսեցին ստեղծագործել, իրենց ապրումները, մտածումներն արվեստի լեզվով արտահայտել։
Sputnik

Էրիկը

Էրիկ Գրիգորյանն Արցախից է՝ Շուշիից։ Գրիգորյանների ընտանիքում հայրենիքի համար կռիվ տալը ժառանգաբար է փոխանցվում։ Տատիկը՝ Զինան, Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, մինչև այսօր անհայտ է` զոհվել է նա, թե գերի է ընկել։ Էրիկի հայրը երեք պատերազմների մասնակից է, ավագ երկու եղբայրները` Ապրիլյանի։ 44-օրյա պատերազմում ընտանիքից երեքով էին՝ հայրը, եղբայրներից մեկն ու ինքը։ Բոլորը՝ տարբեր վայրերում։
Էրիկ Գրիգորյանը Եռաբլուրում
Երբ պատերազմը սկսվեց, Էրիկի զինծառայության ավարտին չորս ամիս էր մնացել։ Տանկի մեխանիկ-վարորդ Էրիկը վիրավորվեց հոկտեմբերի 24-ին Մատաղիսում, կասետային ռումբի պայթյունից։ Այդ օրերի մասին խոսել, պատմել չի ուզում, հենց հարցեր եմ տալիս, մռայլվում է, ինքնամփոփ դառնում։
Երբ բուժում էր ստանում «Էրեբունի» հիվանդանոցում, նույն հիվանդասենյակ բերեցին նաև վիրավոր հորը։ Հիվանդանոցում էլ իմացան՝ Շուշին ընկավ, իրենց տունն էլ չկա։ Ֆիզիկապես վերականգնվելուն զուգահեռ նաև հոգեպես էր պետք ոտքի կանգնել, այս հարցում օգնական դարձավ նոր մասնագիտությունը։
Էրիկ Գրիգորյանի աշխատանքը
«Գրանցվեցի «Նոր էջ» ծրագրում ու մի օր զանգ ստացա Նուռից, գնացի իր արվեստանոց․առաջինը «Կրիան և մարդը» քանդակն էր, երբ պատմեցի Նուռին, թե ինչի մասին է քանդակը, ասաց՝ էլի արա, արեցի, հետո ասաց՝ 50 հատ անում ես, ունենում ես քո ցուցահանդեսը, արեցի ու ունեցա ցուցահանդես, անունն էլ` «Կուճիր հույզեր»»։
Էրիկ Գրիգորյանի աշխատանքներից
Բրոնզե մանրաքանդակների համար որոշեցին յուրահատուկ, թանկ նյութից պատվանդան պատրաստել Շուշիի սպիտակ քարերից։ Քարերն Էրիկի հայրն է ամիսներ առաջ Շուշիից բերել, ասում է՝ ռուս խաղաղապահներն են օգնել, որ հավաքի։ Այսպես քանդակներն առանձնահատուկ արժեք են ստանում՝ բրոնզաձույլ մանրաքանդակը կանգնած է կորցրած հայրենիքի մի բեկորի վրա։
Էրիկ Գրիգորյանը պատերազմին
Էրիկը խոստովանում է՝ իր քանդակները տարբեր հույզերի, մտքերի, ապրումների մասին են։ Երբ կա մի միտք, որից չի կարողանում ազատվել, քանդակում է դա ու մի կողմ դնում։ Իր քանդակներից յուրաքանչյուրի համար ուղեկցող խոհափիլիսոփայական մտքեր է գրում` էլի ապրումների մասին։ Նպատակ ունի հայտնի քանդակագործ դառնալու, Արցախն ու Հայաստանն աշխարհում ներկայացնելու։ Վստահ է՝ մի օր Շուշիի իր արվեստանոցում է ստեղծագործելու։
Էրիկ Գրիգորյանի աշխատանքներից

Տիգրանը

Տիգրան Մկրտչյանը 25 տարեկան է, արդեն երկու պատերազմի մասնակից։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր, բայց վիրավորվեց դրանից հետո՝ նույն տարվա հուլիսին, մարտական գործողությունների ժամանակ։ Չնայած վնասվածքին՝ Տիգրանը տանը նստել չկարողացավ նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, ընկերների հետ կամավոր առաջնագիծ մեկնեց ու մինչև վերջին օրն այնտեղ էր, որտեղ իր կարիքը կար՝ դիրքապահից մինչև զինվորին հաց հասցնող։
Տիգրան Մկրտչյանն իր գործերի հետ
Պատերազմից վերադարձավ ու ամուսնացավ․ փոքրիկ Վաչը դեռ 1 տարեկան էլ չկա։ 2022-ի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ էլ, թեպետ պատերազմ հայտարարված չէր ու արդեն ընտանիքի հոր պատասխանատվություն կար ուսերին, բայց հենց առաջին օրը կամավորագրվեց։
Տիգրան Մկրտչյանի գործերից
«Ո՛չ արվեստագետ եմ, ո՛չ նկարիչ, ո՛չ էլ բժիշկ, բայց ինքնաթերապիա եմ հորինել»,- ասում է Տիգրանը՝ ցույց տալով իր յուրօրինակ աշխատանքները։ Մի քանի ամիս առաջ նա սկսեց նկարել, քանդակել, կոլաժներ ստեղծել տարբեր նյութերով։ Այն, ինչ Տիգրանի ձեռքն է ընկնում՝ կոտրված հայելի, պենոպլաստ, մեխ, թել, արվեստի գործ է դառնում։
Տիգրան Մկրտչյանն ու իր աշխատանքը
Ասում է՝ իր գտած այս թերապիան օգնեց մեղմել թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական ցավերը (կատակում է՝ առողջական խնդիրների ամբողջական ցանկը երևի բժիշկներն էլ չգիտեն), հաղթահարել երբեմն-երբեմն գլուխ բարձրացող չարությունը պետությունից անտեսված լինելու հանդեպ (պատերազմից վերադառնալուց հետո Տիգրանին չէր հաջողվում աշխատանք գտնել)։
Տիգրան Մկրտչյանի աշխատանքները
«Դրա համար էլ իմ գործերն այսքան տարբեր են, երբ նայում ես, թվում է՝ տարբեր մարդիկ են հեղինակները»,- բացատրում է Տիգրանը։ Ասում է՝ իրեն ուժ է տալիս այն միտքը, որ իր ստեղծածը բոլորի համար է։
Տիգրան Մկրտչյանի աշխատանքներից
Շուտով Տիգրանն առաջին ցուցահանդես-վաճառքը կունենա Վահագն Ասատրյանի անվան Հերոսների վերականգնողական քաղաքում, որից ստացված հասույթն ուզում է ներդնել նոր ծրագրերում, առաջնահերթ՝ զոհված տղաների երեխաների կողքին լինել։
Տիգրան Մկրտչյանն իր աշխատանքի հետ

Պետրոսը

Ի տարբերություն Էրիկի ու Տիգրանի, 25-ամյա Պետրոս Էֆենջյանը մինչ պատերազմը նկարել է, բայց ինչպես ինքն է ասում՝ մեկ-մեկ։
«Ասում են՝ մարդը ցավով է իմաստավորվում, հասկացա, որ էն ժամանակ էլ է եղել, բայց ոչ էնքան լավ, հիմա ավելի խորքային եմ զգում շատ բան»,- ասում է Պետրոսը՝ խոսելով մինչ պատերազմն ու պատերազմից հետո իր արած նկարների մասին։ Ցույց է տալիս դրանցից երկուսը, պատկերել է ուժեր՝ չար, բարի, իսկ մյուսում` միաժամանակ և՛ չար, և՛ բարի։
Պետրոս Էֆենջյանն իր աշխատանքի հետ
«Իրենք խառը պտտվում են աշխարհում, առանձնացրել եմ մի տարածք, որի սահմանագիծը հատելուց հետո ներսում հայտնվում են միայն բարի ուժերը․ես սկզբում նպատակ չունեի այսպիսի բան նկարելու, նկարեցի ու այսպես ստացվեց»։
Պետրոս Էֆենջյանի աշխատանքները
44-օրյայի հենց առաջին օրը Պետրոսն ու հորեղբոր տղան կամավորագրվեցին։ Հոկտեմբերի 14-ին ծանր վիրավորում ստացավ, բեկորային ռումբի պայթյունից շպրտվեց պատի ուղղությամբ, կոտրվեցին ողերը, վնասվեց ողնուղեղը։ Վերականգնողական բուժումից հետո Պետրոսը լուրջ որոշում կայացրեց՝ որոշ ժամանակ միայնակ ապրել։
Պատերազմից հետո հաճախ նաև մտքեր էին գալիս թղթին հանձնելու համար։ Ժամանակի ընթացքում, որքան որ կատարվածը հաղթահարում էր, մտքերը պակասում էին։
Պետրոս Էֆենջյանը
«Կարծեմ՝ Բուկովսկին էր ասում՝ գրողները հուսահատ մարդիկ են, երբ հույս է ծնվում, դադարում են գրող լինել։ Ես էլ դա զգացի. երբ ուրախ եմ, իմ առօրյայով եմ ապրում, մտքեր չեն գալիս, դրանից ներվայնանում եմ, ուզում եմ գրել, բայց միտք չկա։ Հետո երբ խորանում ես մտքերի մեջ, քո ցավն ես հիշում, էդ ցավից ոնց որ մի բան ստեղծում ես, էդ ամբողջ ընթացքում ոնց որ ուզես քեզ տառապացնել, որ վերջում սիրուն ստեղծագործություն ստացվի։ Կարծում եմ՝ չեմ եկել էս աշխարհ գրող դառնալու համար, պահ էր, եկավ, գնաց»։
Պետրոս Էֆենջյանի աշխատանքներից
Պետրոսը կարծում է՝ առհասարակ այն հույզերը, որ ներսում են՝ լավ կամ վատ, պետք է դուրս հանել՝ նորերի համար տեղ ազատելու։ Այդպես էլ ապրում է։ Հիմա ավելի շատ ուժ է ստանում, հանգստություն գտնում ֆիզիկական աշխատանք կատարելիս, նաև սկսել է կախիչներ պատրաստել, որը միաժամանակ և՛ ֆիզիկական աշխատանք է, և՛ ստեղծագործություն։
Պետրոս Էֆենջյանի աշխատանքներից

Հետգրության փոխարեն

Կլինիկական հոգեբան Մարինա Ղազարյանը, որ նաև կավաթերապիայով է զբաղվում, բացատրում է, թե ինչու են պատերազմից հետո շատերը սկսում ստեղծագործել։ Ասում է՝ մի կողմից անձն ինքն է գնում դրան` ներքին մղումներով, հաճախ՝ նույնիսկ ենթագիտակցաբար, մյուս կողմից էլ վերականգնողական, հոգեբանական ծրագրերի ժամանակ են առաջարկում արտթերապիան։
«Եթե մղումը ներանձնային է, հայտնի Մասլոուի բուրգը կա՝ պահանջմունքները պետք է հիերարխիկ կարգով բավարարվեն, այսինքն՝ սկզբում կենսական, ապա առաջնային սոցիալական պահանջմունքներ են, հետո՝ բարձր արժեքները, օրինակ՝ ստեղծագործելու, բայց ճգնաժամային իրավիճակներում հաճախ այս բուրգը փլուզվում է։ Դրանով է պայմանավորված, որ շատ ստեղծագործողներ իրենց գլուխգործոցները ստեղծելիս եղել են բավականին դժվար կացության մեջ՝ թե՛ առողջական, թե՛ սոցիալական առումով»,- նշում է հոգեբանը։
Արտթերապիան կամ արվեստով զբաղվելը նաև պաշտպանական մեխանիզմ ունի, այն գիտակցումն է տալիս, որ կարևոր ես հասարակության մեջ։
«Հաճախ այդ տղաներին ասում են՝ պետք է նորից սկսել․ ահա սա նաև այդ նորը սկսելն է դառնում»,- հավելում է Մարինան։
Մասնագետը նաև նշում է՝ եթե ստեղծագործելու համար մղիչ ուժը դժվարությունն է եղել, հարց է` արդյոք փոքրիշատե պայմանավորված վիճակի վերադառնալուց հետո նրանք կշարունակեն ստեղծագործել։