ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իշխանությունները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, գրում է «Փաստինֆոն»։
Վերջին օրերին ՊԵԿ-ի և ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցները միմյանց հաջորդելով ստուգումներ և խուզարկություններ են իրականացրել Իշխան Սաղաթելյանի հարազատներին պատկանող բնակարաններում և ընկերություններում։
Կայքի աղբյուրի փոխանցմամբ` շուրջ մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ խուզարկվել է Սաղաթելյանի հորը պատկանող ընկերությունը, և առգրավվել են գրասենյակային համակարգիչները և գույքը։ Այնուհետև հարցաքննության են կանչվել Սաղաթելյանի հայրը և հարազատները։
Սաղաթելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է վերը նշված փաստերը, սակայն հրաժարվել է հավելյալ մեկնաբանություններից` հավելելով, որ «խղճում է և՛ հրահանգ տվողներին, և՛ այն իրականացնողներին, որոնք կարծում են, որ նման կերպ կարող են իրեն հետ պահել քաղաքական գործունեություն ծավալելուց»։
«Հստակ գիտեմ և՛ հրահանգ տվողներին և՛ կատարողներին և՛ նրանց նպատակը, հարմար առիթով կխոսեմ, հիմա դրա ժամանակը չի»,- հայտարարել է Սաղաթելյանը:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։