ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից կոնյակի սպիրտի արտահանման համար սահմանված արտոնությունը կառավարության այսօրվա որոշմամբ կերկարաձգվի ևս մեկ տարով ու կգործի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։
Նախագծի հիմնավորման համաձայն` որոշումը պայմանավորված է ՀՀ-ում անցած 3 տարիների ընթացքում կուտակված կոնյակի սպիրտի մեծ քանակությամբ, որը, ըստ նախագծի հեղինակների, կորոնավիրուսի համաճարակի և պատերազմի հետևանք է։
Արդյունքում, պաշտոնական տվյալներով, 2019 թվականին արտահանվել է 14.5 մլն լիտր կոնյակի սպիրտ, 2020 թվականին՝ 7.1, 2021 թվականին՝ 6.7, իսկ 2022 թվականի 6 ամիսներին՝ 2.2 մլն լիտր։ 2019 թվականից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը արատահանվել է շուրջ 30.5 մլն լիտր կոնյակի սպիրտ։
Միաժամանակ նշվում է, որ 2019 թվականին ՀՀ–ում արտադրվել է շուրջ 12.2 մլն լիտր կոնյակի սպիրտ, 2020 թվականին` 17.6, 2021–ին՝ 14.6 մլն լիտր։
«Հաշվի առնելով, որ կոնյակը և կոնյակի սպիրտն իրացվում է առնվազն 3 տարի հնեցումից հետո, ստացվում է, որ տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդը 2019-2021 թվականներին ավելացել է շուրջ 44.4 մլն լիտրով»,– ասված է որոշման նախագծում։
Նշենք, որ կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու նպատակով կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 1-ից որոշում էր ընդունել, համաձայն որի 100 000 լիտրից ավելի արտահանման դեպքում յուրաքանչյուր 1 լիտրի դիմաց արտահանողն ազատվում է 100 դրամ պետական տուրքի վճարումից։
Այս որոշման ժամկետն արդեն մեկ անգամ երկարաձգվել էր մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։
Կառավարության նոր որոշմամբ` արտոնության ժամկետը երկարացվել է մինչև 2023թ–ի դեկտեմբերի 30-ը։
Նշենք, որ ոլորտի մասնագետները կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու `կառավարության մոտեցումը չեն կիսում։
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեսակետ էր հայտնել, որ կոնյակի սպիրտը պետք է մնա Հայաստանում, դրանից կոնյակ արտադրվի, որպեսզի տեղում արժեք գեներացվի։