Եվրամիությունը կընդլայնի Ռուսաստանի ղեկավարության դեմ կիրառվող պատժամիջոցները

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
Պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն անձինք, որոնք ներգրավված են Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի` Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեների կազմակերպման մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ լրացուցիչ սահմանափակումները կվերաբերեն Ռուսաստանի ղեկավարությանը և կսահմանվեն որքան հնարավոր է շուտ:
Ինչպես հայտնել է Բորելը, պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն այն անձինք, որոնք ներգրավված են Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեների կազմակերպման մեջ, ինչպես նաև այն ռուսաստանցիների, որոնք պատասխանատու են «միջազգային իրավունքի այլ խախտումների» համար: Բացի այդ, նա նշել է, որ նոր պատժամիջոցները կլինեն ինչպես անհատական, այնպես էլ ոլորտային։
Բորելը նաև հավելել է, որ ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել զենքի մատակարարումներն Ուկրաինային: Ընդ որում, նա հրաժարվել է հստակեցնել, թե ով կհայտնվի պատժամիջոցների նոր ցուցակում կամ ինչ ռազմական օգնության մասին է խոսքը:
Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների ութերորդ փաթեթը կարող է հաստատվել հոկտեմբերի կեսերին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած մյուս պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։