Եռաբլուրից բերման ենթարկված հինգ կին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Եռաբլուր. Արխիվային լուսանկար
Այս գործով վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկված ծնողներից հինգը`բոլորը մայրեր, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տեղեկությունը հայտնում է նրանց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին»,-նշել է Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծնողներից 2 մայր են վնասվածքներ ստացել։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20–ի երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Սեպտեմբերի 21–ին, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։
Եռաբլուրից ոստիկանություն է տարվել 37 անձ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածի հիմքով` ոստիկանի պահանջը չկատարելու համար։ Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողներն ազատ են արձակվել։
Հավելենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների գործողությունները։