ԵՄ-ն դեռ չի որոշել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ծավալը

Եվրամիության դրոշներ
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ պատժամիջոցների ուղղությամբ աշխատանքը երբեք չի դադարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի դեմ ԵՄ նոր սահմանափակումների ծավալն առայժմ որոշված չէ։ Բրյուսելում այս հայտարարությունն արել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Սամերը։
«Մենք չենք կարող պատժամիջոցների մանրամասները բացահայտել... Ինչ վերաբերում է պատժամիջոցների շուրջ աշխատանքին, ապա այն երբեք չի դադարել։ Մենք մշտապես հետևել ենք իրադարձությունների զարգացմանը և պատրաստվել դրանց համապատասխան կերպով արձագանքելուն, ինչն էլ հիմա տեղի է ունենում։ Այսինքն՝ պատժամիջոցների ուղղությամբ աշխատանքն այժմ շարունակվում է։ Բայց արդյոք դա պատժամիջոցների նոր յոթերորդ փաթեթը կլինի, թե վեցերորդ փաթեթի լրացումը, այդ մասին հնարավոր կլինի դատել դրա հաստատումից հետո», - ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։