ԱՄՆ–ն կանգնած է Հայաստանի կողքին. Բայդենը` Փաշինյանին

ԱՄՆ նախագահի խոսքով` վերջին ռազմական գործողություններն ընդգծում են դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին։ՀՀ Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա նայել դեպի բարգավաճ և խաղաղ ապագա, ինչը ներառում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորում»,–ասել է Բայդենն իր ուղերձում։
Նրա խոսքով` ԱՄՆ–ն հավատարիմ է մնում Փաշինյանի և այլ կողմերի հետ աշխատելու՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:
Բայդենի համար առաջնային է հայ–ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը. Փելոսի
Բայդենը նշել է նաև, թե այս տարի ԱՄՆ-Հայաստան նորացված ռազմավարական երկխոսությունը վերահաստատել է հանձնառությունը երկկողմ հարաբերություններում կապերի ամրապնդմանը և ընդգծել ԱՄՆ–ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հետագծին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ՀՀ էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Նա մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց ադրբեջանական ագրեսիայի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն դրանից հետո հայտարարեց, որ Փելոսիի հռետորաբանությունը լուրջ հարված Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ջանքերին։