Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի ագրեսիայից հետո «Anonymous»-ն աջակցություն է հայտնել Հայաստանին

Համակարգչի դիմաց նստած տղամարդ
Միջազգային հաքերային խումբը հրապարակել է «System of a Down» ռոք խմբի հայտարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո «Anonymous» միջազգային հաքերային խումբն աջակցություն է հայտնել Հայաստանին:
Մասնավորապես, խումբը թվիթերյան իր էջում հրապարակել է «System of a Down» ռոք խմբի հայտարարությունը, որում երաժիշտները պատմում են Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին
«Աշխարհը խորը շունչ քաշելու կարիք ունի»,–գրել է «Anonymous»-ը և #StandWithArmenia հեշթեգն օգտագործել։
Նշենք, որ խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը հորդորել էր հնարավորինս տարածել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասին իրենց գրառումը, և ավելի քան 1 300 օգտատեր միացել են նրա կոչին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: