9 օր շրջափակման մեջ եղած 2 զինծառայողի հաջողվել է դուրս գալ. ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. 9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից: Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Մինչ այս պաշտոնական տեղեկություն չի եղել այն մասին, որ հայկական կողմից շրջափակման մեջ գտնվող զինծառայողներ կան։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։