ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանման հարց Վրաստանի կողմից չի դիտարկվում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո ռուսաստանցիների համար վիզային ռեժիմի սահմանում չի նախատեսվում։
Նրա խոսքով` կառավարությունն առավելագույնս հոգ է տանում պետական անվտանգության մասին։
«Երկու անգամ քարոզ է եղել, իբր ռուսաստանցի զբոսաշրջիկները լուրջ վտանգ են ներկայացնում, երկու անգամն էլ պարզվել է, որ այդ քարոզը բացարձակ անհիմն է, կեղծ, արհեստական, և քաղաքական նպատակներ է ունեցել։ Իրավիճակը լիովին վերահսկվում է»,– հավելել է Կոբախիձեն։
Ավելի վաղ Վրաստանի ընդդիմադիր կուսկացություններն ու մի շարք հասարակական կազմակերպություններ իշխանություններին կոչ էին արել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել` երկրում նրանց գտնվելու ժամկետը մինչև 3 ամիս սահմանափակելու նպատակով։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ՌԴ–ում մասնակի զորահավաք հայտարարելու մասին»։ Հրամանի համաձայն` մարզպետներին հանձնարարվել է ՊՆ–ի սահմանած ժամկետներում և քանակով մասնակի զորակոչ ապահովել։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կիլոմետր շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքներում վերահսկողություն իրականացնելու համար։ Զորահավաքի ընթացքում ընդհանուր առմամբ 300 հազար պահեստային է զորակոչվելու, ինչը ՌԴ–ի ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի 1%–ից մի փոքր ավելի է։ Նա հավելել է, որ բուհերում սովորող ուսանողների զորահավաքի մասին որևէ խոսք չկա և չի լինի ոչ մի դեպքում։ Զորահավաքի և հատուկ գործողությունների գոտի ուղարկվելու ենթակա չեն նաև նրանք, ովքեր այսօր ծառայում են զորակոչով։