Ոստիկանները ուժ կիրառելով՝ այսօր վաղ առավոտյան Եռաբլուրից հեռացրել են զոհված զինծառայողների հարազատներին։
Հիշեցնենք՝ նրանք այնտեղ էին հավաքվել կեսգիշերից ու նախատեսում էին մնալ մինչև առավոտ, որպեսզի Հայաստանի Անկախության օրը վարչապետ Փաշինյանին թույլ չտան մտնել Եռաբլուր։
Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշվում է Անկախության օրը։ Նախատեսված էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը հետաձգվել է անորոշ ժամանակով։
Այլ միջոցառումներ պլանավորված չեն։
Հավելենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։
Ադրբեջանի ԶՈւ-ն իր հարձակողական գործողությունների հետևանքով այսօրվա դրությամբ մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք Ջերմուկի, Ներքին Հանդի, Շորժայի եւ Իշխանասարի ուղղությամբ։