Ոստիկանները պետք է գործեն խիստ համաչափ. ՄԻՊ-ը՝ Եռաբլուրից ծնողների բերման ենթարկելու մասին

ՄԻՊ գրասենյակը. Արխիվային լուսանկար
Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի ոստիկանությունից, այդ թվում առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Այսօր առավոտյան Եռաբլուր պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրականացվել է արագ արձագանքում։
Այս մասին նշված է ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ կապ է հաստատվել ոստիկանության համապատասխան բաժիններ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների իրացումն ապահովելու նպատակով։
Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է։

Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի ոստիկանությունից, այդ թվում առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ, նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Այսօր, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։
Եռաբլուրից ոստիկանություն է տարվել 37 անձ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածի հիմքով` ոստիկանի պահանջը չկատարելու համար։ Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողներն ազատ են արձակվել։
Հավելենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների գործողությունները։