ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ–ի ԳՎ–ի ամբիոնից հայտարարել է, որ որևէ երկիր ՌԴ–ին չի սպառնացել։ Նա մեղադրել է Մոսկվային ՄԱԿ–ի կանոնադրությունն անտեսելու և միջուկային սպառնալիք ստեղծելու մեջ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է. «Նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան, որ քամիները կարող են շրջվել իրենց կողմ»։
«Ռուսաստանն անամոթաբար խախտել է ՄԱԿ կանոնադրության հիմնական սկզբունքները... Ոչ ոք Ռուսաստանին չի սպառնացել, ոչ ոք նրա հետ կոնֆլիկտ չի փնտրել», - ասել է Բայդենը։
Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին` նա ընդգծել է, որ ԱՄՆ–ն փորձել է կանխել սրացումը և շարունակելու է համերաշխություն դրսևորել Ուկրաինայի նկատմամբ։
«ԱՄՆ–ն ուզում է, որ ռազմական հակամարտությունը արդար պայմաններով ավարտվի, այն պայմաններով, որի տակ բոլորս կստորագրեինք», – հավելել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը հաստատել է, որ իր երկիրը չի պատրաստվում ճանաչել Դոնբասում և ՌԴ վերահսկողության տակ գտնվող Խերսոնի և Զապորոժիեի մարզերում կայանալիք հանրաքվեի արդյունքները։
Նա շեշտել է` ՌԴ առաջնորդի` Եվրոպային ուղղված միջուկային սպառնալիքներով հայտարարությունն անտեսում է միջուկային զենքի չտարածման պարտավորությունները։
Ըստ Բայդենի` ԱՄՆ–ն մտադիր է սպառազինության հսկողության հետ կապված միջոցներ ձեռնարկել` անկախ երկրում տիրող իրավիճակից։
«Թո՛ւյլ տվեք դիվանագիտության օգնությամբ հորդորել բոլոր երկրներին հաստատել իրենց համերաշխությունը միջուկային չտարածման ռեժիմն ամրապնդելու հարցում։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում աշխարհում, ԱՄՆ–ն պատրաստ է ծայրահեղ կարևոր միջոցներ ձեռնարկել սպառազինության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար», – ասել է նա։
Նա նաև հանդես է եկել ՄԱԿ–ի ԱԽ–ի ինչպես մշտական, այնպես էլ ոչ մշտական անդամների թվաքանակն ավելացնելու օգտին։
Բայդենի խոսքով` ՄԱԿ–ը պետք է ավելի ներառական դառնա, այնպես, որ համապատասխանի ժամանակակից աշխարհի պահանջներին։
Բայդենի խոսքով` ՄԱԿ–ը պետք է ավելի ներառական դառնա, այնպես, որ համապատասխանի ժամանակակից աշխարհի պահանջներին։
«ՄԱԿ–ի ԱԽ անդամները, այդ թվում` ԱՄՆ–ն, պետք է մշտապես պահպանեն և պաշտպանեն ՄԱԿ–ի կանոնադրությունը, ինչպես նաև զերծ մնան վետոյի կիրառման իրավունքից, բացի եզակի, ծայրահեղ իրավիճակներից` ԱԽ–ի արդյունավետությունն ապահովելու համար», – հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։
Ըստ նրա` Միացյալ Նահանգները հասնելու է նրան, որ մյուս երկրները էներգառեսուրսները չօգտագործեն որպես զենք, և կոչ է արել երկարաձգել ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքը։
Այդ առնչությամբ Բայդենը հայտարարել է, որ այս տարի ևս 2.9 մլրդ դոլար կհատկացվի մարդասիրական և պարենային անվտանգության ապահովման համար։ Այսօր աշխարհում մոտ 193 մլն մարդ պարենային հասանելիության լուրջ խնդիրներ ունի, և պատերազմն ավելի է վատթարացնում իրավիճակը։
«Միայն Ռուսաստանը կարող է դրան վերջ դնել»,– համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահը։
Նա անդրադարձել է նաև Իրանին և ընդգծել` ԱՄՆ–ն երբեք թույլ չի տա, որ այդ երկիրը միջուկային զենք ունենա, սակայն հավատում է, որ դիվանագիտությունն այդ նպատակին հասնելու լավագույն միջոցն է։ Սպիտակ տան ղեկավարի մեկ այլ կարևոր հայտարարություն էլ վերաբերել է Չինաստանին. «Մենք սառը պատերազմի չենք ձգտում։ Որևէ երկրի մենք չենք խնդրում ընտրություն կատարել Միացյալ Նահանգների կամ որևէ այլ գործընկերոջ միջև»։