ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Sputnik
ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ շրջանակում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ մտքեր են փոխանակել ։ Կարևորվել է ՄԱԿ շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հանդիպման ավարտին ՀՀ արտգործնախարարը ՀԱՊԿ գործընկերներին է ներկայացրել ՀՀ անկախության օրվան նվիրված լուսանկարների ցուցադրությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: