ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Անկախությունից 31 տարիներ անց խռովված սրտով ենք դիմավորում ազգային ու պետական կարևորագույն մեր տոնը: Վշտացած և խռովված ենք մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի նվաճողական նկրտումների և չդադարող ոտնձգությունների պատճառով: Անկախության 31-րդ տարեդարձի առիթով հղած իր ուղերձում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարքը։
«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, գերեվարված ու անհայտ կորած հայորդիներ, հազարավոր տեղահանվածներ: Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի անկախության համար իրենց կյանքն ընծայած զինվորների խնկելի և լուսավոր հիշատակին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավոր մեր զավակներին»,- ասվում է ուղերձում։
Ամենայն հայոց կաթողիկոսը մտահոգություն է հայտնել նոր կորուստներով, հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների անորոշությամբ և արձանագրվող հարկադրանքով, հայ-թուրքական երկխոսության հապճեպությամբ․ «Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել անձնական ու հատվածական շահերին և բարեկեցությանը։ Հայրենիքը ազգի յուրաքանչյուր զավակինն է։ Եվ ամենքս պատասխանատու ենք հայրենիքի համար մեր արածի և բացթողումի, ձեռքբերումի և կորստի համար, պատասխանատու ենք Աստծո առջև, մեր սրբազան հողի, կորսված շեների ու սրբավայրերի առջև, պատասխանատու ենք հայրենիքին իրենց կյանքն ընծայած մեր նահատակների և ապագա սերունդների առջև»,- նշել է նա։
Գարեգին Բ–ն այսօր Սուրբ Գայանե վանքում նաև կատարել է հանրապետական մաղթանքի արարողություն, որից հետո միասնական աղոթք է բարձրացվել հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:
Նա նաև այցելել է Եռաբլուր ու ծաղիկներ խոնարել զոհված զինծառայողների շիրիմներին։
Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
Այս տարի Անկախության տոնին նվիրված բոլոր տոնակատարությունները չեղարկվել են Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով։