ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Երևանի տարբեր վարչական շրջաններում ուժեղ քամու հետևանքով մոտ 50 հաստաբուն ծառ է ընկել։ Տեղեկությունը հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը։
«Ընկած հաստաբուն ծառերը որոշ հատվածներում խոչընդոտել են երթևեկությունն ու ստեղծել վթարային իրավիճակ։ Համաքաղաքացիներից և ԱԻՆ–ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դուրս է բերվել անհրաժեշտ թվով տեխնիկա։ Կազմակերպության մասնագետները տարբեր հասցեներում կատարում են տապալված ծառերի հեռացման, տեղափոխման աշխատանքներ։
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ քամու պատճառով ժամը 16։00-ից սկսած ահազանգեր եղել են ոչ միայն Երևանի վարչական շրջաններից, այլև Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից։
Այնտեղ վնասվել են շինությունների տանիքներ և կոտրվել ծառեր։ Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման աշխատանքներ։