Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ առաքելության անդամների հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ առաքելության անդամների հետ
ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀԱՊԿ առաքելության անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, սկսել է իր աշխատանքը Երևանում։
ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք հանդիսանում են կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ։
Հիշեցնենք` ՀԱՊԿ Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիթորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ ՀՀ բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։
Նշենք, որ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խումբը` ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, սեպտեմբերի 19–ին ավարտեց իր աշխատանքը Հայաստանում։
ՀԱՊԿ-ը դեռ «թուրը պատյանից չի հանել». գեներալ Սիդորովը` Հայաստանում աշխատանքի մասին
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Հայաստանն էլ ՀԱՊԿ–ին դիմել էր 4-րդ հոդվածով, այն է` ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար։
Նիստի ժամանակ խորհուրդը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով և դիտարկել կարգավորման հարցով ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու առաջարկները։ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստան ուղարկել կազմակերպության առաքելությանը։
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 15–ին։