ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Այս մասին Հայաստանի անկախության օրվան նվիրված շնորհավորական ուղերձում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Այն պահից ի վեր, երբ ավելի քան 30 տարի առաջ Հայաստանը հռչակեց իր անկախությունը, մենք տեսնում ենք ձեր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների զարգացմանը և ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, տնտեսությանը և արդարադատության ոլորտին: Մենք հպարտանում ենք այդ ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությամբ, դա հաստատում է, որ մենք ընդհանուր արժեքներ ունենք։ Մենք շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը», - ասել է Բլինկենը։
Պետքարտուղարն ավելացրել է, որ գնահատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում ավելի մեծ կայունություն ապահովելու ջանքերին: Բլինկենը ԱՄՆ-ի անունից ցավակցություն է հայտնել «վերջին հարձակումների» հետևանքով զոհերի կապակցությամբ, վստահեցնելով, որ Վաշինգտոնը նախկինի պես վճռական է աշխատել Հայաստանի և այլ կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար:
«Մենք մեր երկկողմ հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա զարգացում ենք ակնկալում։ Հայ ժողովրդին մաղթում եմ բարգավաճում և խաղաղություն գալիք տարում», - նշել է պետքարտուղարը։
Նշենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
Այս տարի Անկախության տոնին նվիրված բոլոր տոնակատարությունները չեղարկվել են Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով։