ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական կողմը 5 անգամ հրետակոծել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում գտնվող ջերմային էլեկտրակայանը։ 24 արկ է արձակվել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ատոմակայանի տարածքը գնդակոծած Ուկրաինայի ԶՈւ հրետանային ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշված են։ Զապորոժիեի ԱԷԿ-ում ռադիացիոն իրավիճակը նորմայի սահմաններում է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինացի զինվորականների 49 հրետանային ստորաբաժանումներ, կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա 142 շրջաններում, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի ու Զապորոժիեի շրջաններում ոչնչացրել են զինամթերքի հինգ պահեստ:
Հաղորդվում է նաև, որ ՌԴ ԶՈւ–իհարվածներով Նիկոլաևում զրահատանկային գործարանի արտադրամաս է ոչնչացվել։
Գերատեսչության տվյալներով՝ կրակային հարվածներ են հասցվել Խերսոնի մարզում 59-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտական դիրքերի ուղղությամբ:
ՊՆ-ից հայտնել են նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում ոչնչացրել է Ուկրաինայի շուրջ 170 զինվորականների:
Բացի այդ, Խերսոնի մարզի Տերնովկա ու Անդրեևկա բնակավայրերի շրջաններում 59-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտական դիրքերի ուղղությամբ կենտրոնացած կրակային հարվածներով ոչնչացվել են մինչև 100 զինծառայողներ ու յոթ մարտական զրահապատ մեքենաներ:
Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել ԴԺՀ-ում ու Խերսոնի մարզում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 208-րդ օրը։