ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Spitnik. Թուրքիան պետք է համապատասխանի ՇՀԿ-ին անդամակցելու մի շարք չափանիշների ու չանդամակցի այնպիսի դաշինքների, ինչպիսիք ՆԱՏՕ-ն է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովը:
«Մենք դրույթներ ունենք նոր անդամների ընդունման մասին, որոնք նախատեսում են մի շարք չափանիշներ, որոնց թվում են Եվրասիական տարածաշրջանին պատկանելը, ՇՀԿ անդամ պետությունների հետ ակտիվ դիվանագիտական և առևտրատնտեսական հարաբերությունների և մշակութային կապերի պահպանումը, ինչպես ՇՀԿ պետությունների հետ հակամարտությունների բացակայությունը, այնպես էլ արտաքին հակամարտություններին չմիջամտելը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների բացակայությունը, ինչպես նաև թշնամական կամ ՇՀԿ անդամների դեմ ուղղված գործողությունների և դաշինքների չմասնակցելը»,-ասել է ՌԴ ԱԳՆ դեսպանը:
Նա նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որը «Ռուսաստանին ոչ թե պարզապես թշնամի, այլ թիվ մեկ թշնամի է հայտարարել»:
Խակիմովը նշել է, որ բոլոր դրական պահերում, որոնք կապում են Թուրքիան և ՇՀԿ-ն, կան գործոններ, որոնք ուշադիր կուսումնասիրվեն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել Է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Սամարղանդում կայացած նիստին, որից հետո հայտարարել է, որ Թուրքիայի նպատակն է անդամակցել ՇՀԿ-ին: Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ն զսպում է Թուրքիայի անդամակցությունն իր շարքերին արդեն ավելի քան կես դար, և նա չի պատրաստվում հաշվետու լինել Եվրոպայի առջև` ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար: