Քութայիսում բանկ գրաված տղամարդը պատանդին կապել է իրեն. տեսանյութ

Տղամարդը մի շարք պահանջներ է ներկայացրել, մասնավորապես նա ուզում է երկու միլիոն դոլար և ուղղաթիռ։
Sputnik
Վրաստանի Քութայիս քաղաքում զինված տղամարդը, որը ներխուժել է Վրաստանի բանկի մասնաճյուղ, չի հրաժարվում իր պահանջներից։ Նա պատանդներից մեկին կապել է իրեն, նրա մոտ նաև պայթուցիկ կա, հայտնում է Sputnik Գրուզիան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր, ժամը 11:30-ին կամուֆլյաժով և դեմքը քողարկած կողոպտիչը ներխուժել է Վրաստանի բանկի մասնաճյուղ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ գրավված շենքում 12 պատանդ է եղել։
«Ես կորցնելու ոչինչ չունեմ, չեմ պատրաստվում 25 կամ 30 տարի բանտում նստել»,-ասել է զինված տղամարդը սոցցանցերում արված ուղիղ եթերի ժամանակ։
Այնուամենայնիվ, չհաստատված տեղեկությունների համաձայն, պատանդներից մի քանիսն ազատ են արձակվել։
Նշենք, որ տղամարդը պահանջել է 2 միլիոն դոլար, ուղղաթիռ, ռադիոկապ և Ռուսաստանի դրոշ։ Ոստիկանությունը զավթիչին առաջարկել է պատանդներին փոխանակել զինաթափված անվտանգության աշխատակիցների հետ, ինչը կտրականապես մերժվել է։ Սակայն ավելի ուշ հարձակվողը համաձայնել է ազատ արձակել պատանդներին, եթե իրեն գումար տան: