ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Քութայիսում Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա հարձակված զինված տղամարդը ձերբակալվել է, բոլոր 12 պատանդներն ազատ են արձակվել։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում են վրացական ԶԼՄ–ները։
Հայտնել ենք, որ այսօր ժամը 11:30-ին կամուֆլյաժով և դեմքը քողարկած կողոպտիչը ներխուժել էր Վրաստանի բանկի մասնաճյուղ։
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ «հատուկ գործողությունն ավարտված է, մեկ անձ բերման է ենթարկվել»։
«Հարձակվողը կալանավորվել է։ Պատանդներին ազատ են արձակել և ոստիկանական մեքենաներով դուրս բերել շենքից։ Հատուկ գործողությունն ավարտվել է։ Շրջակայքում վերականգնվել է երթևեկությունը»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գրավված շենքում 12 պատանդ կար։ Տղամարդը պահանջել էր 2 միլիոն դոլար, ուղղաթիռ, ռադիոկապ և Ռուսաստանի դրոշ։