ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
Նշենք, որ օրեր առաջ Հայաստանի Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում էր, որ դադարեցնում է մասնակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին, «քանի որ այդ հարթակը չի ապացուցել, որ նպաստում է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարությունում պարբերաբար հանդիպումներ է տեղի ունենում արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ։
Նման վերջին հանդիպումը կայացել է ս.թ. օգոստոսի 27-ին։ Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանն այդ հանդիպմանը ներկա չի եղել։
Օգոստոսյան հանդիպմանը չեն մասնակցել նաև նախորդ հանդիպումներին մասնակցած Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։