ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Հայաստան կայցելի

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Հայաստան կժամանի աշխատանքային այցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-5-ը Հայաստանում կլինի։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am հարթակում։
Գրոսսիի գլխավորած պատվիրակության այցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ ՀՀ–ում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի, պատվիրակության անդամներին ապահովել սննդով, ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում։
Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանն էլ պետք է ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր հատկացնի։
Պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։