ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ներկայիս իրավիճակը հաստատում է, որ Դոնբասի ժողովուրդն ուզում է տեր կանգնել իր ճակատագրին։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԼԺՀ-ում ու ԴԺՀ-ում հանրաքվեների անցկացումը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հատուկ ռազմական գործողության հենց սկզբից և դրանից առաջ ասել ենք, որ ժողովուրդները պետք է իրենք որոշեն իրենց ճակատագիրը։ Եվ ներկա իրավիճակը հաստատում է, որ նրանք ուզում են տեր կանգնել իրենց ճակատագրին», - ասել է նա՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին։
Պատասխանի տեսանյութը հրապարակված է Զարուբինի Telegram ալիքում:
ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հասարակական պալատները երեկ դիմել են հանրապետությունների նախագահներ Դենիս Պուշիլինին ու Լեոնիդ Պասեչնիկին՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ: Դիմումը ներկայումս քննարկվում է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ղեկավարների կողմից: Այսօր Խերսոնի մարզի Հանրային խորհուրդը նույն առաջարկով դիմել է տարածաշրջանի ղեկավարին: Ավելի ուշ Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնելու խնդրանքով դիմել են նաև Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկուն, նման դիմում է ներկայացվել «Մենք Ռուսաստանի հետ են» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովի ու շարժման մյուս անդամների կողմից:
Շրջանների ներկայացուցիչներն իրենց դիմումներում նշել են, որ ՌԴ կազմի մեջ մտնելը կպաշտպանի նրանց տարածքներն ու կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանության մշտական ահաբեկչության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից խաղաղ բնակչությանը սպանելու համար զենքի մատակարարման պայմաններում։
ԻՆՍՈՄԱՐ ընկերության հետազոտության արդյունքներից հետևում է, որ ԴԺՀ-ում հարցման մասնակիցների 91 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ի կազմ մտնելուն, 4 տոկոսը կարծում է, որ հանրապետությունը պետք է ինքնուրույն պետություն մնա, 5 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ Ուկրաինայի կազմ մտնելու տարբերակը ոչ ոք չի ընտրել:
Գրեթե նույն տվյալները հրապարակվել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակիչների հարցման արդյունքներով՝ 90 տոկոսը կողմ են ՌԴ-ի կազմի մեջ մտնելուն, 5 տոկոսը՝ ինքնուրույն պետություն մնալուն, 5 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Զապորոժիեի ու Խերսոնի շրջաններում հարցման մասնակիցների 80-ական տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ի կազմ մտնելուն: