ՀՀ–ին խոստացված ռուսական ներդրումները մնում են ուժի մեջ. ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար

Դմիտրի Վոլվաչ
Ռուսական բիզնեսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ կատարել նույնիսկ ներկայիս դժվարին պայմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում կատարելու Ռուսաստանի խոստումը մնում է ուժի մեջ` նույնիսկ երկու երկրների համար դժվարին այս ժամանակահատվածում։
Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։
«Իհարկե, ներդրումների փաթեթը որոշակի փոփոխությունների է ենթարկվել` որոշ ընկերություններ վերանայել են իրենց նախագծերը, որոշները` չեղարկել, փոխարենը հայտնվել են նորերը, բայց ընդհանուր ծավալը մոտավորապես նույնն է։ Կա ներդրումներ անելու պատրաստակամություն, և մենք աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ ստեղծելու ու առավելագույնի հասցնելու ներդրումային միջավայրի հարմարավետությունը»,- ասաց նա։
Ռուսաստանցի պաշտոնյան ասուլիսի մեկնարկին ցավ հայտնեց հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ` հավելով, որ դրանց հետևանքները մեծ ցավ են հայ ժողովրդի համար։ Բայց նա նաև հույս հայտնեց, որ տեղի ունեցածը չի ազդի հայ–ռուսական տնտեսական հարաբերությունների վրա։
Հիշեցնենք` 2021թ–ի հոկտեմբերի 19–ին Երևանում Դմիտրի Վոլվաչը հայտարարել էր, որ ռուսական ընկերություններն առաջիկա տարիներին պատրաստվում են Հայաստանի տնտեսության մեջ ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում կատարել, հիմնականում` ենթակառուցվածքների, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։
Նշենք, որ ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի մոտ 40%-ը իրականացվել է Ռուսաստանի կողմից։