Հայաստանն առաջիկա տարիներին կարող է ԵԱՏՄ–ից մինչև 7 % տնտեսական օգուտ ունենալ

Սերգեյ Մուրիլև-Սինելնիկով
Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Մուրիլև-Սինելնիկովը Երևանում կայացած ասուլիսում ներկայացրել է ԵԱՏՄ–ից Հայաստանի ստացած ու կանխատեսվող տնտեսական օգուտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ում ոչ սակագնային խոչընդոտների շարունակական վերացման պարագայում Հայաստանն առաջիկա տարիներին կարող է ՀՆԱ–ի մինչև 7 տոկոսանոց տնտեսական օգուտ ստանալ։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նման կանխատեսում արեց Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Մուրիլև-Սինելնիկովը:
«ԵԱՏՄ–ն իր գոյության ընթացքում հաղթահարել է փոխադարձ ապրանքաշրջանառության ոչ սակագնային խոչընդոտների գրեթե 30 տոկոսը։ Այսինքն` այն գործոնների, որոնք ազդում են ապրանքի գնագոյացման վրա։ Բայց անելիքներն այս ուղղությամբ դեռ շատ են։ Եթե մենք առաջիկա 2-4 տարվա ընթացքում վերացնենք նաև մնացած 70 տոկոս խոչընդոտների գոնե կեսը, ապա Հայաստանը լրացուցիչ տնտեսական աճ կապահովի` իր ՀՆԱ–ի 1.5-1.6 տոկոսի չափով»,– ասաց Մուրիլև-Սինելնիկովը։
Խոչընդոտների ամբողջական վերացման դեպքում, նրա կանխատեսմամբ, մեր երկիրը հնարավորություն կունենա ՀՆԱ–ի 6-7 տոկոսի չափով տնտեսական աճ արձանագրելու։
«Սա մեր գերխնդիրն է ԵԱՏՄ–ում, ու մենք բոլորս միասին զբաղված ենք դրանով»,– ասաց ռուսաստանցի տնտեսագետը։
Համեմատության համար Մուրիլև-Սինելնիկովը նշեց, որ ԵԱՏՄ–ին անդամակցության ընթացքում Ղրղզստանը, ինչպես և Հայաստանը, արդեն ստացել են իրենց ՀՆԱ–ի 1.5-1.6 տոկոսի չափով տնտեսական օգուտ։ Բելառուսի օգուտը ՀՆԱ–ի 5 տոկոսի չափով է։ Ըստ բանախոսի, դա թերևս ՌԴ–ի հետ այդ երկրի առավել սերտ ինտեգրացիայի արդյունք է, ինչպես նաև` ԵԱՏՄ–ից առաջ Ռուսաստանի հետ Մաքսային միության կազմում լինելու։
Հիշեցնենք` սեպտմբերին 19-ին Երևանում կայացել է «Ռուս-հայկական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» 9-րդ համաժողովը, որի շրջանակներում անցկացվել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության, իրականացվող և նախատեսվող նախագծերի, կրթական նախագծերի, արտաքին առևտրի Համառուսաստանյան ակադեմիայի փոխգործակցությանը նիվիրված միջոցառումներ։