Պուտինը խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի կապերի մասին. նա ուղերձ է հղել

Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության մարզերն ակտիվորեն համագործակցում են` հաջողությամբ իրականացնելով համատեղ խոշոր նախագծերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքման 25 տարիների ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, և երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ողջույնի խոսք հղելով Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:

«Ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչը ավանդաբար միջտարածաշրջանային կոոպերացիան է։ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի մարզերն ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում՝ հաջողությամբ իրականացնելով համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ»,–ասել է Պուտինը։

Նա շեշտել է, որ համաժողովի օրակարգը, ինչպես միշտ, շատ հագեցած է։ Մասնակիցները պետք է մտքեր փոխանակեն արդիական հարցերի շուրջ, նախանշեն համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։
«Վստահ եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կծառայեն ռուս-հայկական գործընկերության հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,–ասել է Պուտինը։
Նա արդյունավետ քննարկումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին։
Նշենք, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Երևան, որտեղ այսօր տեղի կունենա Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը։