ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցի ընթացքում արված հայտարարությունները սպառնում են ԱՄՆ–ի ու Թուրքիայի դիվանագիտական հայտարարություններին։ Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Twitter-ում կատարած գրառման մեջ։
«ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի` Հայաստան այցի ժամանակ արված հայտարարությունները բացարձակ անընդունելի են, անհամատեղելի են պատմական և ընթացիկ փաստերի հետ, բացարձակապես զուրկ են բարի կամքից, արտացոլում են կողմնակալ տեսակետ և վնասում են դիվանագիտական ջանքերին»,– գրում է թուրք պաշտոնյան։
Օքթայը նաև գրել է, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն է անհրաժեշտ` բոլոր միջազգային դերակատարներին հորդորելով գործել «արդար, խոհեմ և առաջին հերթին` պատասխանատու կերպով»։
Թուրքիայի փոխնախագահը վերահաստատել է Ադրբեջանի կողքին կանգնելու Թուրքիայի դիրքորոշումը գրելով. «Մենք շարունակելու ենք կանգնել 30 տարի անարդարացիորեն և ապօրինի բռնազավթված հայրենիքի ազատագրման համար պայքարող Ադրբեջանի կողքին»։
Նշենք, որ Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին։ Նա այցելել է Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Ազգային ժողովում, առանձնազրույց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ապա համատեղ ճեպազրույց է տվել նույն ԱԺ-ում։ Ավելի ուշ նա այցելել է Գաֆեսճեան արվեստի կենտրոն, իսկ երեկոյան հանդիպել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ։
Փելոսիին ընդունել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Փելոսին մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել ադրբեջանական ագրեսիայի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Փելոսիի հռետորաբանությունը լուրջ հարված Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ջանքերին։