Նոր ագրեսիայի բացառման համար պետք է քայլեր անել. Միրզոյանը` կիպրոսցի գործընկերոջը

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական ԶՈւ–ի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն` հավելելով, որ ՄԱԿ գլխավոր աբսամբելայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է երկու նախարարների հանդիպումը։
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին՝ հայ ժողովրդին համերաշխություն ցուցաբերելու, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ ու հասցեական արձագանքի համար։ Նա նշել է, թե հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում հիմնարար է միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրի դատապարտումն ու գործողությունների ձեռնարկումը։
Արարատ Միրզոյանը կհանդիպի Բլինկենի ու Բայրամովի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափի շրջանակում փոխգործակցությունն առավել ընդլայնելու և նոր մակարդակի բարձրացնելու հարցին։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։