Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կատարած վայրագությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ
ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ Միրզոյանը Շմիդին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այն ուղեկցվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների ու ռազմագերիների նկատմամբ վայրագությունների և խոշտանգումների իրականացմամբ։
Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է ուժի կիրառմամբ իր առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի վարքագիծը՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը, ինչպես նաև կազմակերպության շրջանակներում առկա համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը հակամարտության տևական և համապարփակ լուծման նպատակով։
Նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
Սեպտեմբերի 19–ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ։