ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Միզոյանը Լահբիբին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները` դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի խախտումներն ու հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Երկուստեք ընդգծվել է հրադադարի ռեժիմի պահպանման և խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրների կարգավորման կարևորությունը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտել է, որ միջազգային հանրության անհասցե կոչերը նպաստում են ադրբեջանական կողմի ագրեսիվ և առավելապաշտական վարքագծին, ինչի հետևանքով խաթարվում են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հայկական կողմի ջանքերը:
Նախարարները քննարկել են նաև հայ-բելգիական քաղաքական երկխոսության խորացման, բազմակողմ հարթակներում համագործակցության, առևտրատնտեսական և կրթամշակութային կապերի զարգացման վերաբերյալ հարցեր:
Նշենք, որ Միրզոյանն ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: